Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ձեր ընտիր հայերենը մեզ ոչինչ չի ասում

Ձեր ընտիր հայերենը մեզ ոչինչ չի ասում
12.10.2017 | 15:45

Հայաստանի քաղաքական մշակույթին, մակարդակին ու ոգուն բնորոշ նիստ էր Երևանի ավագանու հոկտեմբերի 11-ի նիստը: Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, հաղորդավարուհի Նառա Շլեփչյանին, գրող Ռազմիկ Դավոյանին, ՎիվաՍել ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը փոխադարձ վիրավորանքների առիթ դարձավ: Ինչու՞:

Պարզապես մենք բախվում ենք տոտալ նիհիլիզմին ու սովորական ցինիզմին, իսկ համադրումը դառնում է հայհոյանք: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը իրավունք ունի՞ ասելու, որ 4 անձինք Երևանի համար ոչինչ չեն արել: Կամ` լռել են, երբ Տարոն Մարգարյանն ու իր թիմը զբաղված էին Երևանը քանդելով ու այդ պատճառով էլ Տարոն Մարգարյանը որոշել է նրանց պատվավոր քաղաքացու կոչում շնորհել։ Եթե Արտավազդ Փելեշյանը, Նառա Շլեփչյանը, Ռազմիկ Դավոյանը, Ռալֆ Յիրիկյանը կանգնեին ու կրծքով պաշտպանեին քանդվող պատմական շինությունները, արժանի կլինեի՞ն պատվավոր քաղաքացու կոչման: Երբ հասարակությունը չունի արժեհամակարգ, խրվում է անհեթեթության մեջ ու սկսվում է ինքնաքայքայումը: Արտավազդ Փելեշյանի արվեստը արդեն այցեքարտ է, նա պարտավոր չէ ոչինչ ապացուցել որևէ մեկին: Վստահ եղեք` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը նրա գերխնդիրը չէ կյանքում: Ոչ էլ Ռազմիկ Դավոյանի: Նրա փառքի գրքին էջ չի ավելանում: Մարդկանց վաստակը պետք է գնահատել` իրենց արածով: Անհիմն է պահանջել, որ նրանք, կամ որևէ մեկը, անի այն, ինչ դու ես համարում նպատակահարմար ու անհրաժեշտ: Բայց դա խնդրի մի կողմն է` չափանիշների բացակայությունը: Կա մյուս կողմը` անթույլատրելի ցինիզմն ու գռեհկությունը, որ կասկածի տակ է դնում ընդհանրապես Երևանի ավագանու որոշ անդամների մանդատը: Մարդիկ, որ այդ պատկերացումներն ունեն, իրավունք չունեն ներկայացնել մայրաքաղաքը, նրանց տեղը իրենց տան խոհանոցն է կամ լողասենյակը, որտեղ որքան ասես թող հայհոյեն ում ուզում են ու հայրենիքը սիրեն` ի դեմս ՀՀԿ-ի:


Անձնական վիրավորանքը արգելված կատեգորիա է հասարակական քննարկումներում: Եթե Աստղիկ Գևորգյանը չի հասկանում, որ գործընկերոջ ուղեղը «տկար» անվանելով` իր ուղեղի մասին էլ է խոսում, նրան ոչինչ չի օգնի: Ինչպես ՀՀԿ խմբակցության մյուս անդամներին, որ երեկ բուռն մանդատասիրական խռովքի մեջ էին: Ի՞նչ է պետք նրանց հասկանալու, որ հենց իրենք են «Երկիր ծիրանիին» հերոսացնում ու գովազդում` իրենց ամեն մի անհարկի արտահայտությամբ ավելացնելով նրանց շինծու փառքի պսակի դափնիները: Էլիտան խրվել է քաղաքականության ծանծաղուտը, որտեղ բանականությունը արձակուրդում է, գործում է պատեհապաշտության օրենքը ու պարտադրում ճիչեր, անեծքներ, հիշոցներ` որպես լավագույն միջոց: Որքան էլ անհեթեթ, օրենքը գործում է: Որովհետև չկան պարզ մարդկային որակներ` ինքնահարգանք ու հարգանք դիմացինի նկատմամբ: Չկա ամենակարևորը` գործի գիտակցությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երբ Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը մեղադրում է լրագրողներին, որ «միանգամից ընկնում են հետևանքի հետևից՝ չպարզելով, թե սա ինչի արդյունք էր, ինչի արձագանք էր», թող բարի լինի անձամբ պատճառների ու հետևանքների մեջ խորանա` մակերեսին սահելու ու հայհոյախառը նիստի մանրամասները քողարկելու փոխարեն։ Հայհոյանքը և Լևոն Իգիթյանը հարազատ եղբայրներ են, պարտադիր չէ, որ հայհոյանքը արտահայտվի երեք կամ ավելի տառերից կազմված բառերով: Նրա մտածողությունն է այդպիսին` ի՞նչ, եթե ոչ հայհոյանք էր 100-ամյա շինությունը «անպետք սարայ» անվանելը: Եթե դա մարսվեց, ինչու՞ պիտի չհաջորդեր «բոզը»: ՈՒ բնավ արդարացում չէ, որ երբ «ընտիր հայերենով բացատրություն տրվեց այս երևույթին, այնտեղ ասվեց՝ ձեր ընտիր հայերենը մեզ ոչինչ չի ասում»։ «Ազգընտիր» հայրերենն առավել ևս ոչինչ չի ասում: Իսկ եթե ասում է, ընդամենը` ո՞վ եք դուք, որտեղի՞ց եք գալիս ու ու՞ր եք գնում:

Դիտվել է՝ 5752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ